Չկային
Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը, որը թվով չորրորդն էր անկախությունից ի վեր, չէին մասնակցում Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը. բոլորն էլ ներկայացուցիչներ էին ուղարկել: Եվ եթե Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ սրբազանը վատառողջ է, ապա Թորգոմ արքեպիսկոպոսի, էլ առավել Արամ Ա կաթողիկոսի` «գործեր» ունենալու պատճառով Մյուռոնօրհնեքի արարողությանը չմասնակցելն ուղղակի տարակույսների տեղիք է տալիս. Մյուռոնօրհնեքից կարևոր ուրիշ ի՞նչ գործ կարելի է ունենալ:
Ի դեպ, չկար նաև Ռոբերտ Քոչարյանը: Բնականաբար:
Կ. Դ.
ՈՒզում է դառնալ վարչապե՞տ
Երեկ մամուլի ասուլիսում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջին հայացքից կեսկատակ հայտարարեց, թե Երևանի քաղաքապետ դառնալ չի ուզում, որովհետև դա իր համար շատ փոքր պաշտոն է։ Մինչդեռ վայ էն կատակին, որի կեսը ճշմարտություն չէ։ ՀՀԿ-ին մերձ շրջանակներում և բուն հանրապետական պատգամավորների շրջանում արդեն տարածվել են խոսակցություններ, թե Գագիկ Ծառուկյանի «հայտը» բոլորովին էլ կատակ չէ։ Քանի որ տարբեր, այդ թվում՝ արտաքին քաղաքական լուրջ պատճառներով անհնարին է դարձել Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալը, վերջինիս մերձավորագույն շրջապատում է զարգացել այն թեզը, որ Քոչարյանի փոխարեն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել և Գագիկ Ծառուկյանը, եթե խորհրդարանում «համապատասխան աշխատանք տարվի»։
Թաղապետը՝ նաև գիտության թեկնածու
Ըստ չճշտված լուրերի՝ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը բոլորովին վերջերս ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնում թեկնածուական թեզ է պաշտպանել և դարձել գիտության թեկնածու։ Ընդ որում, նրա ընդդիմախոսը պաշտպանության ժամանակ եղել է սոցիոլոգիայի դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը։
Օդի տուրքը կնվազի՞
Օդի 10000 դրամ տուրքը կարող է նվազել և հասնել մինչև 5-6 հազար դրամի։ Այս մասին փաստում են կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները և հավելում, որ տոմսի գնի իջեցման խոսակցությունները ծագել են «Արմավիա» ընկերության արած համառ առաջարկություններից հետո։ Ի դեպ, նկատենք, որ «Արմավիայի» ղեկավարությունն առանձնապես կողմնակից չի եղել օդի տուրքի կիրառմանը, ավելին՝ առիթի դեպքում հորդորել է, թե ժամանակն է հրաժարվել այդ տուրքից։ Բոլոր դեպքերում նույն աղբյուրը նշում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը եթե անգամ նվազեցնի օդի տուրքը, ապա այն ներառվելու է տոմսի գնի մեջ։ Թե որքանո՞վ կառավարությունը կնվազեցնի օդի տուրքը և կհամաձայնի՞ արդյոք հասցնել այն առաջարկվող արժեքին, դժվար է ասել։ Սակայն փաստը մնում է փաստ, որ Հայաստանը վաղուց կարող էր հրաժարվել օդի տուրքից։ Այն պարզ տրամաբանությամբ, որ «Զվարթնոց» օդանավակայանը Էռնեստո Էռնեկյանին հանձնելուց հետո գործարարը միջազգային ֆինանսական կազմակերպությանը վճարել է Հայաստանի մնացած վարկային պարտքը, որը տրամադրված է եղել կարգոտերմինալ կառուցելու նպատակով։ Այսինքն, 4-5 տարի է, Հայաստանը ոչ մեկին պարտք չէ նշված մասով, սակայն հայ ժողովուրդը օդի տուրքի տեսքով վճարումներ է կատարում, բայց ո՞ւմ։
Ն. Մ.
Ո՞Ւմ համար է փորվելու հաջորդ գերեզմանը...
Երեկ մեկնարկած Ազգային ժողովի քառօրյան իրենց ներկայությամբ «հարգել» էին ողջ նստաշրջանի ընթացքում մեկ կամ երկու անգամ խորհրդարան ոտք դրած պատգամավորները, իսկ առիթն առավել քան «պարտավորեցնող» էր: Ի վերջո, Հովիկ Աբրահամյանին պետք է ԱԺ նախագահ դարձնեին: Սակայն մինչ այդ խորհրդարանի ընդդիմադիր` «Ժառանգություն» կուսակցության կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվեց Լարիսա Ալավերդյանը, ինչին էլ հետևեցին թեկնածուների ելույթները: ՈՒ մինչ Հովիկ Աբրահամյանը կսկսեր իր «խոստումնալի» գործունեության մասին խոսել, արդեն նախկին ԱԺ ղեկավար Տիգրան Թորոսյանը լքեց նիստերի դահլիճը: Պատգամավորական երդումով ու խորհրդարանի նախագահի «աշխատանքային թեզիսներով» համեմված իր ելույթում Աբրահամյանը խոստացավ այսուհետ իր կարգախոսը դարձնել՝ «այստեղ ենք` աշխատելու համար»: Ելույթի հերթը Լարիսա Ալավերդյանինն էր, որն էլ ներկայացրեց ԱԺ-ի իր պատկերացումները: «ԱԺ-ն դարձել է ակումբ, երբ ընտրյալները լուծում են խմբային կամ խմբակային շահերի հարցերը»,- վստահեցրեց Ալավերդյանը` հեգնանքով խոսելով օրենսդիր մարմնում միայն «կոճակ սեղմելու» եկած պատգամավորների մասին:
Կարծիքների փոխանակման ժամանակ առավել ուշագրավ, «միստիկ» ելույթ ունեցավ Վիկտոր Դալլաքյանը: «Այս շենքը կառուցվել է 1949 թվականին, որից հետո Հայաստանի կոմկուսի կենտկոմի որևէ քարտուղար իր ժամանակահատվածում չի պաշտոնավարել: Ցավոք, այս շենքի տեղում ժամանակին եղել է Կոզեռնի գերեզմանատունը: Ես չէի ցանկանա իմ ելույթն ավարտել միստիկայով, բայց նկատի ունեցեք, որ չարի և բարու պայքարն այս դահլիճում առայժմ չի հանգուցալուծվել»,- եզրափակեց Դալլաքյանը, որին հաջորդեց Հեղինե Բիշարյանի զայրույթը. «ՈՒզում եմ ասել, որ մենք գերեզմանում չենք ապրում»: ՈՒ այսպես էլ չարի ու բարու հարատև պայքարով 115 պատգամավորներ անցան գործի` փակ գաղտնի քվեարկության: Արդյունքում` 5 պատգամավոր քվեարկեց Լարիսա Ալավերդյանի օգտին, իսկ 110-ը` Աբրահամյանի: Շնորհակալական խոսքից հետո վերջինս այնպիսի կեցվածքով ու գոհունակությամբ զբաղեցրեց ԱԺ նախագահի աթոռը, կարծես մի ողջ դար սպասել էր այս բաղձալի օրվան:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մտահոգվելու խնդիր դեռևս կա
«Ազատությունից զրկված անձանց վիճակը շարունակում է լուրջ մտահոգության աղբյուր լինել: Անպատասխան են մնում հարցեր կապված քրեական մեղադրանքների բնույթի և իրականացվող հետաքննության նպատակների հետ: Անընդունելի է շարունակել կալանքի տակ պահել կամ դատապարտել որևէ մեկին զուտ նրա քաղաքական համոզմունքների կամ ոչ բռնի գործողությունների համար»,- հուլիսի 13-15-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ ուղերձով իր եզրակացություններն է ամփոփել ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Նա մտահոգություն է հայտնել նաև նախնական կալանքի տակ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչների առնչությամբ: Ողջունելով փորձագիտական խմբի ստեղծումը` հանձնակատարը կարևորել է համապարփակ, անկախ, անկողմնակալ ու թափանցիկ քննության անցկացումը, որը հասանելի և արժանահավատ կլինի հայ հասարակության համար:
Ռ. Խ.
Անակնկալ սպասելիքների համագումար
Հավաստի աղբյուրից ստացված տեղեկության համաձայն՝ դեկտեմբերին կայանալիք Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) համագումարում վերջնականապես կլուծվի կազմակերպության ղեկավարությունից գեներալ Մանվել Գրիգորյանի հեռացման հարցը։ Վերջինս, իհարկե, գիտակցում է իրավիճակի ողջ բարդությունը և վերջին շրջանում հաճախակի է լինում ԵԿՄ կենտրոնական գրասենյակում ու տարածքային կառույցներում և փորձում իր շուրջը համախմբել հավատարիմներին։ Սակայն ԵԿՄ-ն խիստ բազմաշերտ կազմակերպություն է։ Այստեղ կան Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներ, որոնք խիստ դժգոհ են Մանվել Գրիգորյանի պահվածքից նախագահական ընտրությունների շրջանում, նախագահ Սերժ Սարգսյանին հարող հատված, որը դժգոհ է Մանվել Գրիգորյանից նույն պատճառով։ Վազգեն Սարգսյանի համախոհների մեծ մասն այսօր հակված է ԵԿՄ նախագահ տեսնելու կալանքից վերջերս ազատված նրա եղբորը՝ Արմեն Սարգսյանին։ Ըստ մեր աղբյուրի, այս ուղեգիծը ողջունվում է նաև իշխանությունների կողմից՝ պայմանով, որ ԵԿՄ-ն վերածվի իսկապես ապաքաղաքական, բացառապես ազատամարտիկների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության։ Հիշեցնենք, որ վերջերս տարածված լուրերի համաձայն՝ ԵԿՄ-ից Մանվել Գրիգորյանին մեկուսացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում նաև կազմակերպության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ակտիվ աջակցությամբ։ Այնպես որ, ԵԿՄ համագումարն անակնկալներ կարող է մատուցել։
Կայացված է վերջնական որոշում
Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար սպասվող սուր պայքարը միանշանակ հանգուցալուծվելու է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի օգտին, որն ավելի շատ հայտնի է «Ճոյտ» փաղաքշական մականունով։ Մեր աղբյուրը նշում է, որ այդ որոշումը կայացվել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին վերջնականապես «տեղը նստեցնելու» համար, քանի որ վերջինիս հովանավորյալների շարքից միանգամից երկու թեկնածություն է առաջադրվել։ Վերևներում որոշել են հասկացնել գեներալին, որ Էջմիածինն այլևս նրա սեփականությունը չէ։ Ըստ հավաստի տեղեկությունների, Մանվել Գրիգորյանի դիրքերի թուլացման գործընթացը դրանով չի սահմանափակվելու, և ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս պաշտոնից կազատվի նրա մերձավոր ազգականներից մեկը, որն այսօր Մեծամորի քաղաքապետն է։
Նորարարական-փորձարարական գործունեությանը նպաստելու ակնկալիքով
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի խորհրդի նիստը: Ասոցիացիայի նպատակը կրթության ոլորտում նորարարական-փորձարարական գործունեությանը նպաստելն է, ինչպես նաև կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Նիստին ներկա էին ասոցիացիայի գիտական ղեկավար, գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը, ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ասոցիացիայի հիմնադիր անդամ Բելլա Եսաջանյանը, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը: Նիստը վարում էր ասոցիացիայի նախագահ Վահրամ Ղազարյանը:
Նիստի օրակարգում Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսի ծրագրի քննարկումն ու հաստատումն էր: «Հանրակրթական դպրոցում աստղագիտություն առարկայի դասավանդման որակի բարձրացման ուղիները» թեմայով կոնֆերանսը տեղի կունենա Բյուրականում, Վ. Համբարձումյանի տուն-թանգարանում: Կոնֆերանսում զեկուցող մանկավարժները կխոսեն դպրոցում աստղագիտություն առարկայի արդյունավետ ուսուցման տեսական հիմքերի մասին, իսկ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գ. Բրուտյանի զեկույցն աստղագիտության ուսուցումը դպրոցականների համար առավել հետաքրքիր դարձնելու համար թանգարանի հնարավորությունների օգտագործման մասին է լինելու:
Լ. Գ.
Հ.Գ. -Հարցազրույցը «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի նախագահ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ կարդացեք «Իրավունքը de facto»-ի հոկտեմբերի 7-ի համարում։